Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը դարձավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը դարձավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
26.09.2014 | 13:59

Սեպտեմբերի 25-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա անդրանիկ նիստը՝ օրակարգային 7 հարցերով:
2014-2015 ուստարվա 1-ին կիսամյակի ժամանակացույցի հաստատումից հետո գիտխորհուրդն անցավ հաջորդ ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկի հաստատմանը: Հաջորդ տարի ընդունելությունն իրականացվելու է 53 մասնագիտությունների գծով՝ ի տարբերություն այս տարվա 55-ի: Բանն այն է, որ դրանցից երկուսը՝ «Թարգմանչական գործ՝ ռուսաց և հայոց լեզուներ» և «Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայոց լեզուներ» մասնագիտությունները, այս ուստարում չեն լրացվել, հետևաբար ցանկից հանվել են:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ թեպետ թափուր տեղեր են մնացել, այնուամենայնիվ, բոլոր մասնագիտությունները լրացվել են, և հաջորդ ուստարվա ընդունելության համար մասնագիտությունների ցանկը մնում է անփոփոխ: Գիտխորհրդի որոշմամբ՝ միայն մասնագիտություններից մեկը՝ «Մանկավարժություն և հոգեբանություն»-ը վերանվանվեց «Հոգեբանություն»:
«Մենք պետք է հարցին իրատեսորեն մոտենանք: Տեսնելով, որ մրցակցությունն ուժեղանում է վերջին տարիներին, պետք է լուրջ ուշադրություն դարձնենք նաև ավագ դպրոցների հետ աշխատանքին»,- այս ուստարվա ընդունելությունն ամփոփեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Գիտխորհուրդը որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարեց ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: Դրանք պայմանավորված էին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում հունիս ամսին կատարված փոփոխություններով: Ըստ այդմ՝ ուսանողական վարձերի ընդհանուր գումարի 7%-ի չափով բուհը պարտավոր է կատարել զեղչեր: Ընդհանուր առմամբ համալսարանական կանոնակարգը համապատասխանեցվել է օրենքին: Այն քննարկվել և հավանության է արժանացել նաև գիտխորհրդի կանոնակարգային հանձնաժողովում:
Նիստի ընթացքում հաստատվեց նաև ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի կանոնադրությունը: Ի դեպ, կենտրոնի ստեղծման մասին որոշումը գիտխորհուրդը կայացրել է բոլորովին վերջերս:
Օրակարգային հարցերից մեկն էլ ԵՊՀ ասպիրանտի/հետազոտողի և գիտական ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևանմուշի հաստատումն էր: Դա անհրաժեշտ է ամբիոն-ասպիրանտ-Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին հարաբերությունները կանոնակարգելու համար: Քննարկումից հետո, սակայն, գիտխորհուրդը որոշեց այդ հարաբերությունները կարգավորել ոչ թե պայմանագրի, այլ ռեկտորի հրամանի միջոցով, որում հստակ ձևակերպված կլինեն բոլոր կողմերի պարտականությունները:
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի իրականացման՝ 2013-2014 ուստարվա 2-րդ կիսամյակի և 2011-2014թթ. արդյունքների մասին հաղորդումը ներկայացրեց Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:
Այս կիսամյակում պարտադիր դասընթացներին մասնակցել է 1047 ունկնդիր, ովքեր ընդհանուր առմամբ հավաքել են 2312 կրեդիտ: Ընդհանուր կրթական կառուցամասում ունկնդիրների թիվը եղել է 2023, ովքեր հավաքել են 3993 կրեդիտ, իսկ հետազոտական-մեթոդական կառուցամասին մասնակցել են 397 դասախոսներ, ովքեր ներկայացրել են 1685 աշխատանք և հավաքել 3642 կրեդիտ: Հիշեցնենք, որ դասախոսների որակավորման բարձրացման ծրագրին մասնակցում է ԵՊՀ հիմնական դասախոսական կազմը:
Գիտխորհուրդը հաստատեց նաև անվանական կրթաթոշակ ստացող 46 ուսանողների ցանկը:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց և հավանության արժանացավ ԵՊՀ-ում ձեռներեցության զարգացման կենտրոն ստեղծելու առաջարկը, որը խթանելու է ուսանողների ձեռներեցությունը:
«Հատկապես բնագիտական թևի ֆակուլտետներում ուսանողները կարող են ունենալ հետաքրքիր գաղափարներ, որոնք որոշակի շղթա անցնելուց հետո կարող են դառնալ բիզնես նախագծեր՝ Start up-ներ: Այսօր ՏՏ ոլորտում գործող հսկաներից շատերը եղել են ուսանողական նախագծեր»,- ասում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Բաց քվեարկությամբ և ձայների մեծամասնությամբ հավանություն տրվեց նաև Տնտեսագիտության ֆակուլտետի վերանվանման առաջարկը: Այսուհետ այն կոչվելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Գիտխորհրդի նիստի ավարտը փոքր-ինչ տոնական ստացվեց. սեպտեմբերի 18-ին լրացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանի 70-ամյակը: Վաստակաշատ գիտնականին շնորհավորանքի խոսքերից հետո շնորհվեց ԵՊՀ հուշամեդալ, իսկ ՀՀ գիտության պետական կոմիտեն նրան պարգևատրեց ոսկե մեդալով:

Դիտվել է՝ 3032

Մեկնաբանություններ